Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իր ելույթում նշել է, որ մարզադաշտի տրիբունայում տեղի ունեցած միջադեպը միակ միջոցն էր, որ հեռուստատեսային խցիկները վերջապես շրջվեին բազմաթիվ հանդիսատեսի կողմը:

Նախկինում Թրամփը դժգոհել էր, թե խցիկներն իրեն նկարահանում են միայն խոշոր պլանով եւ չեն երեւում նրա հազարավոր կողմնակիցները, որոնք գալիս են իրեն աջակցելու: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Զվարճալի իրադարձությունը տեղի է ունեցել ուրբաթ Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում իր համակիրների առջեւ Թրամփի ելույթի ժամանակ: Ելույթի ժամանակ Թրամփն ինչ-որ խառնաշփոթ է նկատել հանդիսատեսի շարքերում եւ դիմել է թիկնապահներին, որ տղամարդուն դուրս բերեն: Այդ պահին նա նկատել է, որ հեռուստախցիկները շրջվել են հանդիսատեսի կողմը: «Նայեք, նայեք, թե ինչ հիասքանչ բան է, խցիկները շրջվեցին: Սա հիանալի է: Խցիկները շրջելու համար սա միակ միջոցն է»,- ասել է Թրամփը հանդիսատեսի ծափահարությունների ներքո:

Ելույթի ժամանակ նա դիմել է նաեւ իր հետեւում կանգնած հանդիսատեսին, որ չնայած մարզադաշտում նրանք ամենավատ տեղերում են նստած, հայտնի կդառնան, քանի որ խցիկները միայն իրենց են նկարահանում: