Հայաստանը բզկտված, քայքայված տնտեսություն ունի. այդ է պատճառը, որ կայուն զարգացման համար հույսը չպետք է դրվի միայն բյուջեի վրա, դրա համար քաղաքական գիտակցություն  եւ քաղաքական կամք է պետք։ Հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԿԸՀ անդամ Զոյա Թադեւոսյանը՝ անդրադառնալով 2011 թվականի բյուջեին։

«Կայուն զարգացման համար անհրաժեշտ է բյուջեի ծախսերի հստակ վերահսկողություն, որպեսզի այդ միջոցներն օդում չփոշիանան։ Սակայն մենք ամեն օր բախվում ենք մի իրականության, որտեղ բյուջեի միջոցները վատնվում են։ Դրա համար ներկայացվում է վերահսկիչ պալատի հաշվետվությունը, բայց այդ հաշվետվությունը մնում է սոսկ որպես տեղեկատվություն առ այն, որ այդ մարմինն աշխատում է։ Իսկ թե ի՞նչ է լինում բյուջեի այդ միջոցների հետ հետագայում, որեւէ մեկը չգիտի եւ դա չի էլ բացահայտվում»,- ասաց Զոյա Թադեւոսյանն՝ ավելացնելով, որ իր գնահատմամբ, 2011-ի բյուջեն «ահաբեկչական բյուջե» է, քանի որ դրա կյանքի կոչվելով՝ մանր եւ միջին ձեռնարկությունները հիմնովին քայքայվելու են։ «Հայաստանի վարչապետի խոստումը, որ մենաշնորհները բերվելու են հարկային դաշտ, այդպես էլ մնաց որպես ռոմանտիկ, սակայն անկատար խոստում։ Անկատար կմնա նաեւ այս բյուջեն՝ իր աննախադեպ սոցիալական ուղղվածությամբ, եւ մեր երազած միջին խավը երբեք չի ձեւավորվի»,- համոզմունք հայտնեց ԿԸՀ անդամը։

Նշենք, որ ՀՀ վարչապետը 2011-ի բյուջեն որակել էր իբրեւ «սոցիալական», իսկ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը՝ որպես «հետճգնաժամային»։ Սպասենք նոր որակումների։