ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է, որ եւ՛ ինքը, եւ՛ իր մրցակիցը՝ Հիլարի Քլինթոնը հաջորդ հեռուստաբանավեճերից առաջ պետք է արյան մեջ թմրադեղերի առկայության թեստ անցնեն, հայտնում է BBC–ն։
Ելույթ ունենալով Նյու Հեմփշիրում իր ընտրողների առաջ՝ Թրամփը ենթադրություն է հայտնել, որ Քլինթոնը նախորդ բանավեճից առաջ ինչ-որ դեղամիջոց էր գործածել, քանի որ սկզբում շատ բորոբքված էր, իսկ վերջում հազիվ էր կարողանում մեքենային հասնել։ «Ես չեմ հասկանում,թե ինչ է կատարվում նրա հետ։ Նախորդ բանավեճից առաջ նա ասես դեղերի ազդեցության տակ լիներ, իսկ ահա վերջում այնպիսի տեսք ուներ, ասես խնդրում էր իրեն հեռացնել բեմից։ Նա հազիվ կարողացավ ինքնուրույն հասնել մեքենային,- հայտնել է Թրամփը,- Մենք մարզիկների նման ենք։ Չէ՞ որ նրանց ստիպում են թմրանյութերի առկայությունը ստուգող թեստ անցնել։ Ես կարծում եմ մենք էլ պետք է նույնատիպ թեստ հանձնենք բանավեճերից առաջ»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի թեկնածուների միջեւ եզրափակիչ հեռուստաբանավեճերը ծրագրված են հոկտեմբերի 19-ին, Լաս Վեգասում։



























