Էդինբուրգը Մեծ Բրիտանիայից անկախանալու մասին երկրորդ հանրաքվե կանցկացնի, եթե Բրիտանիայի առաջնորդները շարունակեն ԵՄ-ից դուրս գալու գործընթացը։ Այս մասին հայտնել է Շոտլանդիայի կառավարության առաջին նախարար Նիկոլա Ստյորջեն՝ Շոտլանդական ազգային կուսակցության համագումարի փակման ժամանակ, հայտնում է DW-ն։

Քաղաքական գործիչը խոստացել է քայլեր ձեռնարկել Շոտլանդիան ԵՄ կազմում պահպանելու համար։ Նրա խոսքով, եթե բրիտանական կառավարությունը վնաս պատճառի շոտլանդական տնտեսությանը, երկրի բնակիչները ավելի լավ ապագա ընտրելու եւս մեկ հնարավորություն կստանան։ Բացի ամենայնից առաջին նախարարը համարում է, որ Շոտլանդիան այսուհետ էլ պետք է մուտք ունենա ԵՄ ներքին շուկա։

Ստյորջենը, որը կողմ է Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախացմանը, ավելի վաղ հայտնել էր, որ իր կառավարությունը մտադիր է հրապարակել օրինագիծ, որը կդնի անկախության մասին նոր հանրաքվեի հիմքը։

2016-ի հունիսին անցած հանրաքվեի ընթացքում Մեծ Բրիտանիայի բնակիչների 52 տոկոսը կողմ է արտահայտվել ԵՄ-ից թագավորության դուրս գալուն։ Ընդ որում Շոտլանդիայում 62 տոկոսը քվեարկել էր անդամակցությունը պահպանելու օգտին։