Հիմնավոր եւ արդյունավետ որեւէ ծրագիր դուրս չի մնա նոր կառավարության ու ՋՏՊԿ-ի ուշադրության կենտրոնից: Այս մասին, Ասիական զարգացման բանկի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում նշել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը՝ հավելելով, որ Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը կարեւոր է հայկական կողմի համար:

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սա նորանշանակ նախագահի հերթական աշխատանքային հանդիպումն էր միջազգային գործընկերների հետ, որի հիմնական նպատակը ընթացիկ ծրագրերի քննարկումը եւ հետագա համագործակցության համար ուղենիշերի մշակումն է:

Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենս Ալվարեսը շնորհավորել է Արսեն Հարությունյանին վերջերս ստանձնած պաշտոնի կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ հետագա համագործակցությունը եւս արդյունավետ կլինի:

«Հայաստանում մինչ օրս իրականացված ծրագրերը հուսադրող են ԱԶԲ-ի համար»,- շեշտեց Ս. Լորենս Ալվարեսը:

ՋՏՊԿ նախագահը վստահեցրել է գործընկերներին, որ հիմնավոր եւ արդյունավետ որեւէ ծրագիր դուրս չի մնա նոր կառավարության եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ուշադրության կենտրոնից:

Ա. Հարությունյանը ներկայացրել է նաեւ իր մոտեցումները ՋՏՊԿ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու առումով. «Հատկապես կցանկանայի ներկայացնել իմ մոտեցումները ԾԻԳ-երի հետ կապված: Միջազգային գործընկերների համար լրացուցիչ բարդություններ չստեղծելու համար ԾԻԳ-երում կառանձնացվեն մասնագետներ, ովքեր կհամակարգեն աշխատանքը որոշակի միջազգային կառույցների հետ՝ ապահովելով նրանց հետ ուղղակի կապն ու անխափան հաղորդակցությունը»:

Ս. Լորենս Ալվարեսը ողջունեց ՋՏՊԿ նախագահի այս մոտեցումը եւ նշել, որ պատրաստ են 2018 թ.-ին նախատեսված նոր վարկային ծրագրերն իրականացնել արդեն այդ ձեւաչափով:

Հանդիպմանը ներկա էր նաեւ «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը: Նա ներկայացրել է, որ Արարատի եւ Արմավիրի մարզերում այս պահին տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ են ընթանում, որոնց արդյունքները ստանալուց հետո պարզ կլինի, թե ոռոգման եւ խմելու ջրի համակարգերի բարելավմանն ուղղված ինչ ծրագրեր կարելի է իրականացնել այդ մարզերում: