Կառավարության 2017 թվականի ծրագրում համայնքների զարգացմանն ուղղված նոր գործիք է կիրառվելու:  Այս մասին, հոկտեմբերի 15-ին, Դիլիջան կատարած այցի ժամանակ նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ «Դիլիջանը երկու տարի անց» խորագրով քննարկման ժամանակ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լոքյանի փոխանցմամբ, կիրառելու են պետություն-մասնավոր փոխհարաբերության նոր գործիքը: «Այս գործիքի հիմնական գաղափարախոսությունը հետեւյալն է.  համայնքներում տնտեսական ձեռնարկներ իրականացնելու, արտադրություններ հիմնելու հարցում պետությունը պատրաստ է մասնավորի հետ գումար ներդնել, տվյալ ձեռնարկը ստեղծել եւ տարիներ հետո այն մասնավորին զիջել»,-ասել է նախարարը, նկատելով, որ գումարներ կտրամադրվեն հեռանկարային եւ հավելյալ արժեք ստեղծող ձեռնարկների համար: 

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանն իր հերթին նշել է, որ   մարզերի զարգացման ծրագրերը պետք է նպաստեն մարդկանց կյանքի որակի բարելավմանը: «Հայթայթվել են որոշակի միջոցներ եւ քայլեր ենք ձեռնարկում, որ այդ միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացվի: Կարծում եմ, մեծ հաջողություններ կարելի է ակնկալել, եթե տեղական համայնքները իրենց գործառույթները ճիշտ կատարեն` մարզպետների օգնությամբ, իսկ կառավարությունն էլ իր քայլերն անի»,-ասել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդարականը:

ՀՀ-ում խոշոր վարչատարածքային բարեփոխումների գործընթացը նախատեսվում է ավարտել 2018 թվականին: Իսկ մինչեւ 2017 թվականի հունվարի 15-ը  պետք է ներկայացվեն խոշորացված  18  համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերը:  Առաջիկայում նմանատիպ քննարկումներ կլինեն Տաթեւի, Թումանյանի խոշորացված համայնքներում: