Հայաստանի ընտրություններում կհրապարակվեն քվեարկողների ցուցակները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խորհրդարանում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ ներկայացնելով Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների նախագիծը:

Նրա խոսքով՝ սրա հետ կապված առաջարկվում է ԸՕ-ում վերականգնել ընտրացուցակներում ստորագրելու պահանջը (ի հավելումն էլեկտրոնային գրանցման): Այդ ցուցակները ընտրատեղամասային հանձնաժողովներից կփոխանցվեն ընտրատարածքայինին, իսկ վերջինները պետք է այն 24 ժամում սքանավորեն՝ սկսած հաջորդ օրվա ժամը 12-ից: Ցուցակները կտեղադրվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի առանձին բաժնում: Դրանցից յուրաքանչյուրը կունենա եւ՛ ընտրատեղամասի, եւ՛ ընտրատարածքի համարը:

«Այդ ցուցակների հրապարակումը Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներից շեղում է, բայց մենք գտնում ենք, որ ընտրությունների հանդեպ հասարակության վստահությունն ավելի կարեւոր է»,- նշեց Հարությունյանը:

Նշենք, որ ընտրացուցակների հրապարակումը ընդդիմության եւ քաղաքացիական հատվածի գլխավոր պահանջն էր իշխանությունների հետ քննարկումների ժամանակ, որոնք անցկացվել են գարնանը եւ ամռանը: Իշխանությունները երկար ժամանակ արգելակում էին ընտրացուցակների հրապարակման վերաբերյալ նախաձեռնությունները որպես  բացարձակ անընդունելի: