Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կայացել է Սիներջի Ինթընեշընլ Սիսթըմզ ընկերության Գյումրիի գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը, որի բացմանը ներկա էին ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ինչպես նաեւ հյուրեր ՏՏ համայնքից:

Ներկայումս Սիներջի գրասենյակում աշխատում են տեխնոլոգիական կենտրոնի կողմից վերապատրաստված մասնագետներ, ովքեր սկսել են աշխատանքը՝ երկամսյա լրացուցիչ վերապատրաստում անցնելով նաեւ Սիներջի ընկերության երեւանյան գրասենյակում։

Սիներջիի բացումը ռազմավարական մեծ նշանակություն ունի Գյումրի ՏՏ ոլորտի զարգացման համար: Նախ եւ առաջ ընկերության մուտքը մեծ խթան կհանդիսանա հայաստանյան այլ ՏՏ ընկերությունների համար կատարել ներդրումներ՝ նպաստելով ամենահրապուրիչ ոլորտներից մեկի զարգացմանը ՀՀ շրջաններում: Բացի այդ Սիներջին Գյումրիում կներդնի իր տեխնո մշակույթն ու հաջողված փորձը մարզերի հետ աշխատելու հետ կապված. ընկերությունը 2012 թվականից գործում է նաեւ Ստեփանակերտում՝ ներկայումս ունենալով 30 աշխատակից:

«Գյումրիի հետ կապված մենք հեռուն գնացող նպատակներ ունենք», - նշել է Սիներջի ընկերության հիմնադիր նախագահ Աշոտ Հովհաննիսյանն ու շարունակե. «Ինչպես ցույց տվեցին Արցախի մասնաճյուղի մեր հաջողությունները, այստեղ եւս փորձելու ենք մոտ ապագայում ընդլայնել մեր գործունեությունը, որն իհարկե կախված է Գյումրիում մեր աշխատանքների իրականացման հաջողությունից եւ տաղանդավոր երիտասարդների ներգրավումից։ Մենք լավատես ենք եւ կարծում ենք, որ դա անպայման տեղի կունենա։ Ավելին ասեմ, շատ հնարավոր է, որ չսահմանափակվենք Գյումրիով. մենք ունենք նաեւ Վանաձոր, որը եւս հետաքրքիր ներուժ ունի, քաղաքում գործում է տեխնոլոգիական կենտրոն եւ վերապարտասրվում են կադրեր:

«Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի կողմից ստեղծված տեխնոլոգիական եւ ինովացիոն միջավայրը Գյումրին դարձնում է գրավիչ ոչ միայն տեղական, այլեւ միջազգային կազմակերպությունների համար: Կենտրոնն էական նշանակություն ունի գործարար ու ներդրումային միջավայրի բարելավման, նոր աշխատատեղերի ստեղծման եւ Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման տեսանկյունից՝ այդպիսով նպաստելով նաեւ տարածքային համաչափ զարգացմանը, երկրի ընդհանուր մրցունակության բարձրացմանն ու Գյումրի քաղաքում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ճարտարագիտության ճյուղերի զարգացմանը››,- նշել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ներկայումս գործում են 23 կազմակերպություններ: Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները միտված են տեխնիկական եւ գործարար հմտությունների զարգացմանը եւ շուկայի պահանջներին համապատասխան կադրերի վերապատրաստմանը, տեխնոլոգիական նոր ընկերությունների ձեւավորմանը, արտասահմանյան ներդրումների ներգրավմանը:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի կողմից: