Երեւան-Սեւան ճանապարահին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, տեղի ունեցած վթարից տուժած 20-ամյա Հրանտ Գասպարյանը Հրազդան ԲԿ-ից  տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: NEWS.am-ին հիվանդանոցից տեղեկացրին, որ Հրանտ Գասպարյանն ունի գանգուղեղային վնասվածք, տղայի վիճակը կայուն է: Հրանտ Գասպարյանը գտնվում է Նեյրովիրաբուժական բաժանմունքում:

Նշենք, որ Հրանտը տեղի ունեցած վթարից մահացած 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանի եղբայրն է: Նշենք, որ վթարի ենթաարկված Mercedes Benz Sprinter ավտոմեքենայում եղած երիտասարդները բոլորը Վարսեր գյուղի բնակիչներ են՝ ուսանողներ, որոնք գալիս են եղել դասի:

Նշենք, որ Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխվածների վիճակը լավ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Երեւան են տեղափոխվել միայն 20-ամյա Հրանտ Գ.-ն եւ Mercedes Benz Sprinter-ի վարորդ 50-ամյա Գագիկ Ս.-ն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ 7 մարդ: