Բարեփոխումների առաջնային նպատակը բիզնեսի համար հավասար, արդար ու մրցունակ դաշտի ստեղծումն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կունիո Միկուրիան Հայաստան է ժամանել՝ ««Մեկ պատուհանի» սկզբունքի կիրառումն Առեւտրի համաշխարհային կազմակերպության Առեւտրի դյուրացման համաձայնագրի համատեքստում» խորագրով եվրոպական տարածաշրջանային աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
Կառավարության ղեկավարը կարեւորել է Երեւանում աշխատաժողովի անցկացումը՝ համոզմունք հայտնելով, որ այն եւս մեկ քայլ է դեպի առավել թափանցիկ ու որակյալ ծառայությունների մատուցում: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել կառավարության՝ հարկային եւ մաքսային վարչարարության պարզեցմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ եւ ընդգծել, որ բարեփոխումների առաջնային նպատակը բիզնեսի համար հավասար, արդար ու մրցունակ դաշտի ստեղծումն է: Այս առումով Կարեն Կարապետյանը կարեւորել է Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համագործակցությունը եւ նշել, որ վերոնշյալ աշխատաժողովն օգտակար հարթակ է ոլորտին վերաբերող շահագրգիռ քննարկումների համար:
Կունիո Միկուրիան շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ իր գլխավորած կառույցի անունից ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցելու պատրաստակամություն հայտնել: Նա նշել է, որ Համաշխարհային մաքսային կազմակերպությունը մտադիր է ընդլայնել երկկողմ գործակցությունը՝ անհրաժեշտ օժանդակությունն ուղղելով դեպի այն ոլորտները, որտեղ ամենից շատ դրա պահանջարկը կա: Կունիո Միկուրիան դրական է գնահատել «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրումը եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը վարչարարության դյուրացման եւ սահմանային անցակետերի արդիականացման գործընթացներում, ինչն իրականացվում է Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հարկային ու մաքսային ոլորտում բարեփոխումների, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրման, կադրերի վերապատրաստման, պրոֆեսիոնալիզմի բարձրացման եւ հարակից այլ հարցերի շուրջ: Կողմերը վերահաստատել են նշված ուղղություններով իրական արդյունքներին միտված գործակցությունը եւ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը:




























