Արցախում դիրքերից մեկում ծառայակցին հայհոյելու եւ այդպիսով նրան ստորացնելու մեջ մեղադրվող Մանուկ Ղազարյանին դատարանը մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 6 ամսվա ազատազրկման: Մանուկ Ղազարյանը 2015 թվականի փետրվարի 15-ին դիրքերում չի ենթարկվել դիրքի ավագ Մուշեղ Միրզոյանին՝ նշելով, որ չի մասնակցելու փորձնական «տագնապին»: Այդ ժամանակ ծառայակից Վլադիմիր Դավոյանը միջամտել է եւ ասել՝ «Մա՞րդ կա, որ բան ես ասում, չի անում», որից հետո Մանուկը նրան հայհոյել է: Զինծառայողների միջեւ վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ Վոլոդյան մի քանի անգամ կրակել է վիճաբանությանը միջամտած համածառայակիցների ուղղությամբ:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել զինծառայողներ Վլդիմիր Դավոյանին եւ Մանուկ Ղազարյանին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախում դիրքերից մեկում ծառայակիցների վրա կրակոցներ արձակելու մեղադրանքով կալանավորված Վլադիմիր Դավոյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:




























