Նոր Ընտրական օրենսգրքով Հայաստանը Ադրբեջանից մեկ հազարամյակ առաջ է ընկել: NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցութան պատգամավոր Համլետ Հարությունյանը:
«Աշխարհում կատարյալ որեւէ բան չկա, այս Ընտրական օրենսգիրքը բավականին մեծ առաջընթաց է դեմոկրատական ընտրություններ կազմակերպելու համար: Օրինակ, եթե համեմատենք Ադրբեջանի հետ, մենք մի հազարամյակ առաջ ենք ընկել դրանցից, եթե ոչ շատ»,- ասաց նա:
Թեեւ այս Ընտրական օրենսգրքում ընդգրկվել է ընդդիմության` քվերակված ցուցակները հրապարակելու պահանջը, սակայն տարածքային ցուցակների վերաբերյալ դրույթը, այսպես ասած` ռեյտինգային քվեարկությունը, ընդդիմությունը համարում է լուրջ խոչընդոտ ժողովրդավարական ընտրությունների կայացման համար: Ընդդիմության հիմնավորմամբ` այդ ընտրակարգով միայն հաջողություն կարող է ունենալ իշխող ՀՀԿ-ն, քանի որ շուրջ տասը տարի լինելով իշխանության` կարողացել է վարչական լծակներով ստեղծել քվե բերող ռեսուրս: Անդրադառնալով այս մեկնաբանություններին, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Այդ Ընտրական օրենսգիրքն ընդունվել է քաղաքական համաձայնության արդյունքում` 4+4+4 ձեւաչափով, որն աննախադեպ էր մեր քաղաքական պատմության մեջ: Միեւնույն է, ամենակատարյալ օրենսգրքում էլ կարող էին այնպիսի բան նկատել, որը քննադատության կենթարկվեր: Նոր Ընտրական օրենսգիրքը սուտի-մուտի կուսակցությունների համար ընդունելի չէ, բայց սա նպաստում է կուսակցական համակարգի ձեւավորմանը»:
Նշենք, որ այսօր Ազգային ժողովում քննարկվում էր Ընտրական օրենսգիրքը, որը հոկտեմբերի 19-ին կդրվի քվեարկության:




























