Ռուսական «Ռոստեխ» պետական կորպորացիան կարող է մինչեւ 2016 թ․ վերջ եզրակացություններ ներկայացնել հայկական «Նաիրիտ» քիմգործարանի վերաբերյալ։ Այս մասին –ի թղթակցին հայտնել է ՀՀ էներգետիկ ենթակառուցածքների ու բնական ռեսուրսների փոխնախարար Իոսիֆ Իսայանը։
Նրա խոսքով «Ռոստեխը» արդեն կազմել է ճանապարհային քարտեզ գործարանի համար, որի շուրջ համատեղ աշխատանքներ է իրականացնում ձեռնարկության ու նախարարության հետ։ «Կարծում եմ, մինչեւ տարեվերջ նրանք կկարողանան որեւէ բան ներկայացնել»,- հայտնեց Իսայանը։
Հիշեցնենք, որ 2006 թվականին պետությունը «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառել է բրիտանական «Rhinoville Property Limited» կոնսորցիումին` 40 մլն դոլարով: Այդ ժամանակվանից ընկերությունը գործնականում ոչ մի անգամ հանդես չի եկել հանրության կամ մամուլի առաջ: 2006 թվականին ԱՊՀ-ի Միջպետբանկը «Rhinoville» -ի համար 70 մլն դոլարի վարկային գիծ է բացել, որն ընկերությունը չի փակել: 2014 թվականի հունվարին Մոսկվայի Արբիտրաժային դատարանը բավարարել է բանկի հայցը գործարանի վերոհիշյալ բաժնետոմսերի 90 տոկոսը պարտքի դիմաց առգրավելու վերաբերյալ: Մնացած 10 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը: 2015 թվականի դեկտեմբերին բանկի հետ բանակցությունների արդյունքում կառավարությունը ստացել է նաեւ մնացած 90 տոկոսը: Համաշխարհային շուկաներում պահանջված քլորոպրենային կաուչուկ արտադրող ձեռնարկությունը կանգնած է 2010 թվականի ապրիլից:
Կառավարությունը փնտրում է հնարավոր ներդրողների, իսկ մարտին գործարանի տեխնիկական վիճակի հետազոտություն է պատվիրել ռուսական "ՌԿ Քիմկոմպոզիտ" ընկերությանը։




























