Հայաստանում վերջին երեք ամիսներին 3 ծննդկան է մահացել: Դեպքերից երկուսը տեղի են ունեցել մայրաքաղաքում, մեկը՝ Վանաձորում:

44-ամյա Նաիրա Աբգարյանը կեսարյան հատումով զույգ էր ունեցել հուլիսի 21-ին մայրաքաղաքի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, վիրահատությունը նորմալ էր անցել, ժամեր անց, սակայն, վիճակը կտրուկ վատացել էր: Ծննդկանը տեղափոխվել էր բազմապրոֆիլային հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր:

Ըստ «Շենգավիթի» պարզաբանման՝ ուշ հետծննդյան շրջանում սկսվել է ատոնիկ արյունահոսություն, նկատվել է մակարդելիության անկում, որը կոնսերվատիվ միջոցներով չի հաջողվել շտկել։ Առաջատար մասնագետների հետ խորհրդակցելուց հետո արյունահոսության դադարեցման եւ կնոջ կյանքը փրկելու նպատակով հեռացվել է արգանդը։ Հաջորդ առավոտյան ժամը իննի շրջանում կնոջ վիճակը սկսել է վատանալ, ի հայտ են եկել ներանոթային տարածուն մակարդման (թրոմբոհեմոռագիկ) համախտանիշի նշաններ։ Որոշվել է հիվանդին տեղափոխել «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ էլ մահացել է:

Ծննդկանի քույրը, սակայն, հակառակն է պնդում. «Շենգավիթ« ԲԿ-ում արյուն չի եղել, իրենց ուղարկել են արյուն բերելու: Քույրը պահանջում է, որ քննություն անցկացվի, պարզվի, թե իրականում ինչ է տեղի ունեցել եւ ինչու է մահացել իր միակ հարազատը: Նշենք, որ բժիշկը եղել է Աշոտ Սիրունյանը:

Ծննդկանի մահվան երկրորդ դեպքը գրանցվել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնում: Ի դեպ, սա այս տարվա ընթացքում այս հիվանդանոցում երկրորդ դեպքն էր: Առաջինն ապրիլին էր, երբ 37-ամյա ծննդկան էր մահացել, իսկ երկրորդը՝ հուլիսի 27-ին էր. կեսարյան հատումից ժամեր անց մահացել էր 28-ամյա Տաթեւ Գասպարյանը: Սա Տաթեւի առաջին հղիությունն էր:

Մահացած ծննդկանի հարազատները նույնպես համոզված են՝ բժշկական անփութության եւ սխալի հետեւանքով է 28-ամյա կինը մահացել: 

Տաթեւի մոր խոսքով՝ աղջիկը բացարձակ առողջ էր, եւ վիրահատությունը «համենայնդեպս» է կատարվել, «հանուն երեխայի անվտանգության»: Տաթեւին համոզել էին, թե պորտալարը երկու անգամ փաթաթվել է պտղի պարանոցին, եւ բժիշկների խոսքով՝ բնական ճանապարհով ծննդաբերելիս 50 տոկոսով բարդությունների հավանականություն կար: Կեսարյանը նորմալ էր անցել, Տաթեւը նույնիսկ երկու անգամ փոքրիկին կերակրել է, այնուհետեւ վիճակը կտրուկ վատացել, մինչդեռ հերթապահ բուժքույրը հորդորել է սուրճ խմել եւ շոկոլադ ուտել: Ժամեր անց միայն բժիշկներին «հաջողվել» է պարզել՝ ծննդկանի մոտ ներքին արյունահոսություն կա, վիրահատել են, ապա ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել բազմապրոֆիլային հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել էր: Նշենք, որ բժշկուհին Լիանա Դաղբաշյանն էր:

Տաթեւի հարազատները նույնպես հույս ունեն, որ մեղավորը կամ մեղավորները կհայտնաբերվեն եւ պատասխան կտան օրենքի առաջ:

Հատկանշական է, որ այս երկու ծննդկաններն էլ մասնագիտությամբ բժիշկներ էին եւ ամենայն լրջությամբ էին վերաբերում իրենց հղիությանն ու 9 ամիսների ընթացքում բոլոր անհրաժեշտ հետազոտություններն անցել էին եւ հաշվառված էին մասնավոր կլինիկաներում՝ բարդացումներից խուսափելու համար:

Ծննդկանի մահվան երրորդ դեպքը գրանցվել է Վանաձորում. հոկտեմբերի 17-ին ծննդաբերած 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը ժամեր անց սկսել է արյունահոսել, վիրահատվել է, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Ի դեպ, բժիշկը եղել է Արսեն Բալայանը:

Վերը նշված երեք դեպքերով էլ հարուցվել են քրեական գործեր Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ հատկանիշներով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նշենք նաեւ, որ նմանատիպ յուրաքանչյուր դեպքից հետո ՀՀ առողջապահության նախարարությունը մասնագիտական հանձնաժողով է ստեղծում՝ ուսումնասիրելու մահվան հանգամանքները: Սակայն թե ինչ հետեւություն են անում այդ ուսումնասիրությունների եզրակացություններից, հայտնի չէ: Ակնհայտ է միայն, որ վերջին երեք ամսում 3 ծննդկանի մոտ նորմալ հղիությունից եւ ծննդաբերությունից հետո, նախնական վարկածներով, ուժեղ արյունահոսություն է սկսվել, վիրահատվել են, սակայն ժամեր անց մահացել են: