Հայաստանը պետք է արգելի ուրանի հանքահանումը, քանի դեռ չի սովորել դրանից միջուկային վառելիք ստանալ։ Այս մասին հոկտեմբերի 19-ին խորհրդարանում ասել է ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ ելույթ ունենալով «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկմանը։
Հարությունյանի խոսքով՝ անգամ եթե Հայաստանում կան ռադիոակտիվ տարրերի պաշարներ, որոնց հանքահանումը տնտեսապես արդարացված է, չի կարելի թույլատրել դրանց հանքահանումը եւ երկրից արտահանումը։ Դա վերաբերում է ոչ միայն ուրանին, այլ նաեւ պղնձին ու մոլիբդենին։ «Եթե մենք արտադրեինք վերջնական արտադրանք մաքուր պղինձ, ես միայն ուրախ կլինեի։ Բայց մենք կիսաֆաբրիկատներ ենք արտադրում եւ դուրս հանում։ Մեզ մոտ չի զարգանում մետաղագործությունը, չի ձեւավորվում մասնագետների բազա։ Մենք չպետք է նստենք հումքի վրա։ Առավել եւս, եթե այդքան հաճախ ենք խոսում հարեւանների նավթի մասին»,– ասել է պատգամավորը եւ նշել, որ ուրանի հանքահանումը պետք է արգելել ընդհուպ մինչեւ Հայաստանը աճի եւ հասնի դրանից ատոմակայանների համար վառելիք արտադրելու մակարդակին։
Օրինագծի համաձայն՝ ռադիոակտիվ նյութերի երկրաբանական հետախուզման իրավունքը կտրվի միայն մրցութային հիմքով։ Մյուս հանածոների համար նախկինի պես բավական կլինի հանքավայրի համար մեկ դիմումատուն։




























