Հայաստանը բավականաչափ հումք ունի մաքուր պղինձ ձուլելու համար։ Այս մասին հոկտեմբերի 19-ին խորհրդարանում ասել է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ելույթ ունենալով «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկմանը։

Նրա խոսքով՝ հանքահանող կոմբինատները այսքան էլ հետաքրքրված չեն, քանի որ պղնձի խտանյութի եւ սեւ պղնձի մատակարարումներն ուղղել են արտահանմանը եւ այդ պայմանագրերից հրաժարվել չեն ուզում։ Հետաքրքրվածություն պետք է ցուցաբերի պետությունը, հանուն սեփական արդյունաբերության։ Քանի որ մաքուր պղինձը հիմք կդառնա շատ այլ արտադրությունների համար։ «Նախկինում մեզ մոտ արդյունահանվում էր տարեկան ավելի քան 100 հազար տոննա պղնձի խտանյութ։ Հիմա՝ ավելի քան 300 հազար։ Մենք ունենք անհրաժեշտ ռեսուրսներ։ Եվ պետք է դրանք օգտագործել տանը, այլ ոչ թե էժան գնով արտահանել»,– ասել է Մելքումյանը։

Նշենք, որ պղնձի խտանյութը Հայաստանից ամենամեծ ծավալներով արտահանվող արտադրանքն է։