Ուրանի հանքանյութը չի կարելի է Հայաստանից դուրս բերել եւ ոչ մի միջազգային փողերի դիմաց: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ԱԺ-ում հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխությունների օրինագծի քննարկմանը:

Օրինագծի համաձայն՝ ռադիոակտիվ նյութերի երկրաբանական հետախուզման թույլտվությունը տրվելու է մրցակցային հիմունքներով: Սակայն, պատգամավորի կարծիքով, չի կարելի այդ ամենը մասնավորին հանձնել՝ նույնիսկ մրցույթով: Եթե նույնիսկ օրինագիծը մշակվել է ըստ միջազգային նոր վարկերի պայմանների, միեւնույն է՝ չի կարելի համաձայնել: «Դա մեր երկրի ռազմավարական պաշարն է: Իսկ դուք ցանկանում եք այն ինչ-որ մեկի՞ն տալ: Ցանկանում եք ասել՝ վերցրեք եւ տեղափոխե՞ք: Դա անթույլատրելի է»,- ընդգծեց Այվազյանը: