Հայաստանում սկսվել է մրգային կորիզներից յուղերի արտադրություն: Երեւանում կայացած «ՀայԱրտԷքսպո» ցուցահանդեսի ժամանակ «Թության» ընկերության հիմնադիր Սամվել Հունանյանը NEWS.am-ին ասաց, որ ընկերությունը ներքին շուկայում արդեն եւ՛ յուղ է թողարկում, եւ՛ այն ճզմելուց հետո առաջացած նստվածքը՝ որպես կոսմետիկ միջոց: Իսկ յուղն օգտագործվում է եւ՛ կոսմետիկայում, եւ՛ խոհարարության մեջ:

Պատրաստի արտադրանքի արժեքը բավական բարձր է, այն արտադրելը դժվար է: Կորիզները կարելի է մեքենայով կոտրել, բայց միջուկը կեղեւից ձեռքով է առանձնացվում: «Առայժմ այնպիսի սարքավորում չկա, որպեսզի լավ առանձնացնի: Ահա եւ, ստիպված ենք ամեն ինչ հին մեթոդներով անել: Այժմ աշխատում ենք ծիրանի, դեղձի եւ խաղողի կորիզներով: Գնում ենք գինու եւ պահածոների գործարաններից: Ե՛վ նրանց համար է լավ (իրենց թափոնն ենք վերցնում), եւ՛ մեզ համար»,- նշեց Հունանյանը: 

Նրա խոսքով՝ միջազգային շուկաների համար ստիպված են պայքարել. այնտեղ վաղուց են ծանոթ եւ գնահատում արաբական երկրների արտադրողներին: «Սակայն հույս ունեմ, որ կստացվի: Կփորձենք նաեւ Ռուսաստան արտահանել»,- հավելեց «Թության» ընկերության հիմնադիրը: