ԱՄՆ գործընկերները դեռեւս չեն արձագանքում հայկական կողմի առաջարկին՝ կրկնակի հարկման բացառման վերաբերյալ բանակցություններ սկսելու շուրջ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խորհրդարանում հայտարարել է ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը՝ ներկայացնելով Սերբիայի եւ Սլովակիայի հետ կրկնակի հարկման բացառման մասին համաձայնագրերի նախաագծերը:
Նրա խոսքով՝ գործընկեր երկրների կողմից Հայաստանի կրկնակի հարկման դեմ տիպային պայմանագրերով նախատեսվում է, որ միեւնույն գործարքի հարկումը կատարվում է երկրներից միայն մեկում: Եթե Հայաստանից ընկերության շահույթները կամ գույքը մյուս երկրում է հարկվում, ապա Հայաստանը նրանցից այլեւս կրկնակի հարկում չի կատարում, եւ հակառակը:
«Մենք մի քանի անգամ դիմել ենք ամերիկացի գործընկերներին՝ այդպիսի բանակցություններ սկսելու առաջարկով, սակայն դիվանագիտական խողովակներով դեռեւս համաձայնություն չենք ստացել»,- հայտարարել է փոխնախարարը:
Նշենք, որ 2015 թվականին Հայաստանը ԱՄՆ-ի հետ Առեւտրի եւ ներդրումների մասին շրջանակային համաձայնագիր է ստորագրել (TIFA): Այդուհանդերձ, երկրներն առայժմ չեն ազատվել կրկնակի հարկումից:




























