Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Իշխան Բարսեղյանի կաշառք վերցնելու գործով այսօր` հոկտեմբերի 28-ին ձերբակալվել է փաստաբան Էլզա Զաքարյանը:
Մեր տեղեկություններով՝ նա կասկածվում է Բարսեղյանի եւ կաշառք տվողի միջեւ միջնորդ լինելու մեջ:
Մեզ հաջողվեց պարզել, որ Զաքարյանի շահերը ամենայն հավանականությամբ պաշտպանելու է Լյուդվիգ Ավետիսյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն այժմ Հատուկ քննչական ծառայությունում է, սպասում է, որ իրեն ներգրավվեն որպես պաշտպան:
Նշենք, որ Զաքարյանը քաղաքացիական գործերով փաստաբան է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:



























