Հայաստանի պետբյուջեն 2017 թվականին եկամուտների մասով կկազմի 1 տրլն 244.4 մլրդ դրամ, ծախսերի մասով՝ 1 տրլն 394.5 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 2.6 մլրդ դոլար եւ 2.9 մլրդ դոլար համապատասխանաբար): Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ելույթ ունենալով 2017 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական լսումներին:
Նրա խոսքով՝ 2017-ին պետբյուջեի եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 22.4 տոկոս: Համեմատության համար նշենք, որ 2016-ի պլանային ցուցանիշը կազմել է 21.8 տոկոս, 2015-ի փաստացին՝ 22.5 տոկոս:
Պետբյուջեի պակասուրդը կկազմի մոտ 150.1 մլրդ դրամ (շուրջ 315 մլն դոլար) կամ ՀՆԱ-ի գրեթե 2.8 տոկոսը: Ծրագրվում է բյուջեի 71.1 մլրդ-ը ֆինանսավորել ներքին աղբյուրների հաշվին, 79 մլրդ-ը՝ արտաքին:
Պետբյուջեի հարկերից եւ տուրքերից եկամուտները 2017-ին ծրագրված են 1 տրլն 135 մլրդ դրամ, որը 0.5 տոկոսով ավելի է 2016-ի պլանից եւ 6.6 տոկոսով ավելի՝ 2015-ի փաստացի ցուցանիշից: Ծախսերի թվում 2017-ին առողջապահության հատկացումները կկազմեն 85.8 մլրդ դրամ (ՀՆԱ-ի շուրջ 1.6 տոկոսը), կրթության՝ 128.5 մլրդ դրամ (շուրջ 2.4 տոկոս), սոցիալական պաշտպանության՝ շուրջ 409.0 մլրդ (7.6 տոկոս), պաշտպանության՝ 205.3 մլրդ (շուրջ 3.8 տոկոս):




























