Անհասկանալի է, թե ինչի համար են պաշտոն զբաղեցնում Կառավարության չինովնիկները ու ինչի համար են աշխատավարձ ստանում։ Այս մասին հոկտեմբերի 31-ին ասել է նախկին վարչապետ, ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ 2017-ի պետբյուջեի լսումների ժամանակ իր ելույթի ընթացքում։

Նրա խոսքով, նրանք պետք է ձգտեն որտեղից հնարավոր է ռեսուրսներ ճարել տնտեսական աճի համար, որը խոստացել է Սերժ Սարգսյանի իշխանությունը։ 2007-ին ՀՀԿ-ն դարձել է խորհրդարանական մեծամասնություն ու դրա ձեւավորած Կառավարությունը խոստացել է 7 տոկոսի տնտեսական աճ։ Աճի նույն տեմպերի մասին էր խոսում նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Իրականում 2007-ին տնտեսական աճը կազմել է 13․7 տոկոս, 2008-ին՝ 6․8 տոկոս, 2009-ին ՝ 14․5 տոկոսի անկում է եղել, 2010-ին՝ 2․1 տոկոսի աճ, 2011-ին՝ 4․7 տոկոսի, 2012-ին՝ 7․2 տոկոսի, 2013-ին՝ 3․5 տոկոսի, 2014-ին՝ 3․4 տոկոսի, 2015-ին՝ 3 տոկոսի, 2016-ին էլ ակնկալվում է 2․4 տոկոսի։ Գումարային աճը 30 տոկոս է։ Դա եռակի քիչ է, քան եթե տնտեսական աճը պահպանվեր 7 տոկոսի սահմանում։ Այդ դեպքում 10 տարում տնտեսությունը կաճեր ոչ թե մեկ երրորդով, այլ գրեթե կրկնակի՝ 91 տոկոսով։ Ամենամեծ խնդիրը Դո՛ւք եք ( ֆինանսների նախարարը-խմբ․)։ Փոխվարչապետը, ԿԲ ղեկավարությունը թող գնան ու գտնեն այդ տնտեսական աճը։ Իսկ հակառակ դեպքում՝ ինչի՞ համար եք Դուք։ Ինչի՞ համար են ձեզ աշխատավարձ վճարում»,- ասել է Բագրատյանը, ամենամեծ խնդիրը տեսնելով այն նախարարի մեջ, որը ընդամենը մեկ ամիս է զբաղեցնում է իր պաշտոնը։

Ի պատասխան ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նկատեց, որ ՀՀ իշխանությունների հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականությունը օգնել է աջակցել տնտեսությանը։ 2017-ին հարկաբյուջետային քաղաքականությունը զուսպ է լինելու, իսկ դրամավարկայինը՝ ամենայն հավանականությամբ, մնալու է խթանող։ «Կարծում եմ, մեր տեսակետին համամիտ են նաեւ ԿԲ-ից մեր գործընկերները, որոնք պատասխանատու են դրամավարկային քաղաքականության համար։ Նման քաղաքականությունը արդարացված է, քանի որ մենք գտնվում ենք ՀՆԱ ցածր աճի մթնոլորտում»,- հավելել է Արամյանը։