2017 թվականին Հայաստանի վճարային պակասուրդը ծայրահեղ 4 տոկոսը չի գերազանցի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ելույթ ունենալով 2017 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումներին:

Նրա խոսքով՝ 2015-ին հաջողվել է պակասուրդը կտրուկ կրճատել՝ 7.6 տոկոսից հասցնելով մինչեւ 2.7 տոկոսի: Ճիշտ է, դա տեղի է ունեցել բնակչության գնողունակության անկման հետեւանքով, եւ արտասահմանյան ապրանքների պահանջը կրճատվել է: Այսպես, 2015 թականի ապրանքների եւ ծառայությունների արտահանումը իրական արտահայտությամբ աճել է 4.9 տոկոսով, իսկ ներմուծումը 14.1 տոկոսով կրճատվել է:

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին տեղի է ունեցել դոլարային արտահայտությամբ արտահանման ծավալների 18.9 տոկոսով աճ և ներմուծման ծավալների 2.1 տոկոսով անկում: Արդյունքում՝ 2016-ի վերջին պակասուրդը կլինի 2,8 տոկոս: «2017-ին սպասվում է այս ցուցանիշի աճ՝ մինչեւ 3,4 տոկոս: Այդուհանդերձ, դա 4 տոկոս նիշից ցածր է, որը, միջազգային փորձագետների գնահատականներով, Հայաստանի համար կրիտիկական է համարվում»,- կրկնել է Արամյանը:

Նշենք, որ 2016-ի արդյունքներով՝ ակնկալվում է արտահանման 14,3 տոկոսով աճ եւ ներմուծման 3 տոկոսով անկում: Իսկ 2017-ին ակնկալվում է արտահանման 4,4 տոկոսով աճ, նաեւ 2 տոկոսով ներմուծման աճ (արտահանման տեմպերի դանդաղումն ակնկալվում է 2015-ի անկումից հետո Ռուսաստան արտահանման աճի վերականգնման ավարտի հետեւանքով):