Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակի վերին հատվածի եւ 6-րդ հարկի հատակի միջակայքում արգելափակված կնոջ վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, NEWS.am-ը տեղեկացավ «Էրեբունի» բժշկական կենտրոնից: 62-ամյա Ռիտա Դոդոյանը հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում է՝ միացված արհեստական շնչառական ապարատին:

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնից էլ մեզ տեղեկացրին, որ ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում ստեղծվել է դեպքի տեխնիկական քննության հանձնաժողով՝ դեպքի հանգամանքները պարզելու:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 30-ին ժամը 09.50-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել, անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է, որ 1954 թ. ծնված Ռիտա Դոդոյանի ստորին վերջույթները արգելափակվել են վերելակի վերին հատվածի եւ 6-րդ հարկի հատակի միջակայքում: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ռիտա Դոդոյանը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից: