ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը դադարեցնում է պլուտոնիումի ուտիլիզացման մասին Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ համաձայնագրի գործողությունը։ Այս մասին հայտնում է իրավական տեղեկատվության պորտալը։
Օրենքը նախատեսում է, որ Մոսկվան կարող է վերականգնել փաստաթղթի գործողությունը, եթե Վաշինգթոնը կատարի մի քանի պայման։ Դրանցից են նաեւ ռազմական ենթակառուցվածքի եւ 2000-ի սեպտեմբերի 1-ից հետո ՆԱՏՕ-ին անդամակցած երկրներում իր կոնտինգենտի թվաքանակի կրճատումը, նաեւ «Մագնիտսկու օրենքի» ու Ռուսաստանի իրավաբանական ու ֆիզիկական անձանց նկատմամբ բոլոր պատժամիջոցների չեղարկումը։
Հոկտեմբերի սկզբին Պուտինի կողմից ստորագրված հրամանում ասվում էր, որ Ռուսաստանը այս քայլին գնացել է ԱՄՆ կողմից «ոչ բարեկամական գործողությունների հետեւանքով ռազմավարական կայունությանը սպառնալիքի առաջացման», նաեւ ԱՄՆ կողմից իր ստանձնած պարտավորությունները կատարելու անկարողության կապակցությամբ։




























