Ղրղզստանի «Մանաս» օդանավակայանում ռումբի մասին տեղեկությունները չեն հաստատվել, հայտնում է «Սպուտնիկ Ղրղզստանը»-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին:

Ռումբի մասին ահազանգը ստացվել էր ժամը 16:00-ին: Դեպքի վայր ժամանած իրավապահներն ու սակրավորները որոնողական աշխատանքներ են իրականացրել եւ փորձել են պարզել զանգողի ինքնությունը: Օդանավակայանի անձնակազմն ու ուղեւորները տարհանվել էին: Որոշ չվերթների գրանցումը դադարեցվել էր: «Որոնողական աշխատանքների ժամանակ պարզվել է, որ օդանավակայանում եւ ինքնաթիռներում ռումբ չկա: Տեղեկությունը չի հաստատվել: Օդանավակայանը սկսում է նորից գործել: Շրջակայքում աշխատանքը շարունակվում է»,- ասել են ՆԳՆ-ից: