Նիդեռլանդների կառավարությունը հայտարարել է, որ իրեն 6 շաբաթ լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ փոխզիջում մշակելու համար, որը կօգնի չհրաժարվել ԵՄ-Ուկրաինա ասոցացման մասին համաձայնագրից՝ չնայած դրա վավերացման մասին հանրաքվեի բացասական արդյունքին, հայտնում է DW-ն:

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուգեն ավելի վաղ խոստացել էր, որ մինչեւ նոյեմբերի 1-ը խորհրդարանին տեղյակ կպահի այն քայլերի մասին, որոնք կառավարությունը կձեռնարկի իրավիճակի կարգավորման համար: Խորհրդարանին ուղղված ծանուցագրում նա նշել է, որ մտադիր է Բրյուսելի հետ բանակցություններում հասնել նրան, որ ասոցացման մասին համաձայնագիրը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության ճանապարհի մի աստիճանը չէ եւ հավաքական անվտանգության ու ռազմական աջակցության երաշխիքներ չի պահանջում:

Վարչապետը նշել է, որ մտադիր է բանակցություններ վարել մինչեւ ԵՄ առաջիկա գագաթնաժողովը, որը կկայանա դեկտեմբերի 15-16-ին: