2011 թվականի բյուջեն ձեւավորվում է դժվարին ժամանակներում, որի վերաբերյալ կան ե՜ւ հոռետեսական, ե՜ւ խիստ լավատեսական կարծիքներ: Հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, հավելելով, որ ինքը ձեռնպահ կմնա որակումներ տալուց:
«Բյուջեն թվերի կույտ չէ, կամ տարբեր ծախսային մասերի համախումբ: Դա երկրի տնտեսական քաղաքականությունն է, ուստի այն պետք է միտված լինի հեռահար նպատակների: Թե որքանով է մոտեցնում այս բյուջեն այդ հեռահար նպատակներին, դատողություններ կարելի է անել նայելով ընդհանուրին»,- նշեց նա ու շարունակեց. «Ընդհանուր առմամբ հակասական տենդենցներ կան տնտեսության մեջ: Մի կողմից աշխուժացման որոշակի աճ կա, բայց դա պայմանավորված է համաշխարհային շուկայում որոշ ապրանքների գների հանդեպ պահանջարկ աճով»:
Մանասերյանի ներկայացմամբ, էներգետիկայի ոլորտում 17 տոկոս աճը պայմանավորված է հանքարդյունաբերության որոշակի աշխուժացմամբ: «Մյուս ճյուղերում աննշան է աճը: Ցավալի է, որ անկում կա գյուղտնտեսության ոլորտում: տարեվերջին երկնիշ թվից պակաս չի լինի այդ անկումը: Դա իր ազդեցությունն ունեցավ ՀՆԱ-ի աճի վրա, որը 8 տոկոսից հասավ 2,8-ի»,- ընդգծեց տնտեսագետը, հավելելով, որ 2011-ին նախատեսվում է, որ գյուղատնտեսությունը 10 տոկոսով կաճի, սակայն ինքը ձեռնպահ է մնում դա աճ համարելուց:
Մանասերյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի տնտեսության ներուժը բավական մեծ է, որը, սակայն, առայժմ արդյունավետ չի օգտագործվում:




























