Հայաստանում ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» իրավաբանական անձանց միությունը: Ասոցիացիայի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ միությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով խթանելու է Հայաստանի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքում վերականգնվող էներգետիկայի դերի բարձրացումը և իրազեկումը:

Այն փորձելու է լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ներդրողների մոտ դոլար-դրամ փոխարժեքի տատանումից առաջացած ծանր վարկային վիճակը, ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ  կառավարման հետևանքով ջրային դեֆիցիտից առաջացած հիմնախնդիրները,  հասարակության մոտ առկա թյուր կարծիքի ձևավորման պատճառներն ու դրա հետևանքների վերացումը, սակագնային քաղաքականության ձևավորումը, բանկերի կողմից տրամադրված վարկային միջոցների բարձր տոկոսադրույքները, ինչպես նաև ասոցիացիան միջազգային դոնոր կազմակերպություններից և այլ աղբյուրներից փորձելու է ներգրավվել դրամական միջոցներ:

Աջակցելու է և օգնելու է բարձրացնել այն հիդրոկայանների ցուցանիշները և վարկանիշը, որոնք չունեն և չեն առաջացնում բնապահպանական և սոցիալական խնդիրներ: Միաժամանակ՝ գործուն միջոցներ է ձեռք առնելու վատթար վիճակում գտնվող հիդրոկայանների հիմնանորոգման կամ դրանց հետագա աշխատանքի կանոնակարգման մասով: