Երեքշաբթի Չինաստանը ներկայացրել է սեփական մշակման հինգերորդ սերնդի «Ցզյան-20» (J-20) կործանիչը: Այս մասին հայտնում է China News Service գործակալությունը:
Նոր կործանիչի ցուցադրական թռիչքը տեղի է ունեցել ավիատիեզերական Airshow China-2016 սրահի բացման շրջանակում, Գուանդուն նահանգի Չժուհայ քաղաքում: Կործանիչի մշակմամբ զբաղվում է Chengdu Aircraft Industry Corporation ընկերությունը: Այն առաջին փորձնական թռիչքը կատարել է 2011 թվականի սկզբին:
«Ցզյան-20»-ից բացի, Չինաստանը հինգերորդ սերնդի եւս մեկ «Ցզյան-31» (J-31) կործանիչի մշակում է իրականացնում, որն առաջին անգամ օդ է բարձրացել 2012 թվականի հոկտեմբերի 31-ին, այժմ շարունակվում է կործանիչի ակտիվ մշակումը:
Airshow China ցուցահանդեսն անցկացվում է 1996 թվականից՝ Չժուհայ քաղաքում: Ցուցադրվում են ռազմական եւ քաղաքացիական տեխնիկա, տիեզերական տեխնիկա, սպառազինություն եւ դեսանտի համար նախատեսված տեխնիկա, հակաօդային պաշտպանության եւ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր: Այս տարի ավիաշոուին մասնակցելու մասին հայտարարել են 23 երկրների մոտ 560 արտասահմանյան ընկերություններ:



























