Ռուսաստանը աճող սպառնալիք է ներկայացնում ՄԵծ Բրիտանիայի կայունության համար ու օգտագործում է իր տրամադրության տակ եղած բոլոր ժամանակակից միջոցները իր նպատակներին հասնելու համար, հավաստիացնում է բրիտանական MI5 հետախուզության տնօրեն Էնդրյու Փարքերը, փոխանցում է DW–ը։

Նրա խոսքով մինչ աշխարհի ուշադրությունը սեւեռված է իսլամական ծայրահեղականությանը, այլ երկրներից, ու հատկապես Ռուսաստանից ձեռնարկվող գաղտնի գործողությունները ավելի վտանգավոր են դառնում։ «Ռուսաստանը օգտագործում է պետական մարմինների ու ուժային գերատեսչությունների ամբողջ սպեկտրը, որպեսզի իր արտաքին քաղաքականությունը ավելի ագրեսիվ միջոցներով իրականացնի՝ կիրառելով քարոզչություն, լրտեսություն, դիվերսիաներ ու կիբերհարձակումներ»,- նշել է Փարքերը The Guardian թերթին տված հարցազրույցում։

Մեծ Բրիտանիայում, MI5-ի ղեկավարի խոսքով, առաջ էլ էին ռուսական հետախուզության բազմաթիվ սպաներ աշխատում, բայց ներկա իրավիճակը սառը պատերազմի տարիներից տարբերվում է կիբերպատերազմի գործածումով։ Մոսկվայի կողմից լրտեսության նպատակները, ըստ նրա, ռազմական գաղտնիքներ են, արդյունաբերական նախագծերը, տնտեսական, կառավարական ու արտաքին քաղաքական տեղեկությունները։ «Ռուսաստանը տասնամյակներ շարունակ գաղտնի սպառնալիք է եղել»,- շեշտել է բրիտանական հետախուզության ղեկավարը։