Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին ընտրություններում հաղթելուց հետո, հնարավոր է, պաշտոնական մեղադրանք առաջադրվի, եւ նա քրեական պատասխանատվության ենթարկվի նամակագրության սկանդալի պատճառով, ինչն իր հերթին կհանգեցնի վաղաժամկետ հրաժարականի: Այս մասին հայտնում է The American Conservative-ը:
Հոդվածի հեղինակի կարծիքով՝ քննության վերսկսումը կարելի է բացատրել միայն այն հանգամանքով, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն նոր ապացույցների է տնօրինում, որոնք թույլ կտան Քլինթոնին մեղադրանք առաջադրել, իսկ դրան հավանաբար հետեւող իրադարձությունները «անխուսափելի եւ կանխատեսելի» են:
Եթե հանրապետականները մեծամասնություն ունենան Կոնգրեսի պալատներից թեկուզ մեկում, այն սկանդալների քննությունը, որոնց Քլինթոնն է խառնված, կսկսվի նրա երդմնակալությունից կարճ ժամանակ անց եւ տարուց ավելի կտեւի: Հանրությունը նաեւ կպահանջի նոր դատախազ նշանակել, ինչպես եղել է Ուոթերգեյթի սկանդալի ժամանակ:
Եթե Հիլարի Քլինթոնը հունվարի 20-ին երդվի, ապա առկա են բոլոր հնարավորությունները, որ մեկ կամ երկու տարի հետո նրան կստիպեն պաշտոնաթող լինել, ինչպես Նիքսոնին, հայտնել է հոդվածի հեղինակը:



























