«Բելառուսն այսօր» պորտալը հրապարակել է ուկրաինացի դիսպետչերի հետ «Բելավիա» ավիաընկերության օդանավի օդաչուի բանակցությունների վերծանումը:
Տեքստից դատելով՝ երբ հոկտեմբերի 21-ին օդանավը Կիեւի «Ժուլյանա» օդանավակայանից օդ է բարձրացել, դիսպետչերը անձնակազմի հրամանատարին հայտնել է, որ օդանավը պետք է վերադառնա: «Չկատարելու դեպքում օդ կբարձրանա մարտական ավիացիա օդանավը որսալու համար»,- հավելել է նա: Օդաչուն հետաքրքրվել է, թե ինչ է պատահել: Դիսպետչերը պատասխանել է. «Եթերով չեմ կարող փոխանցել: Վերադառնալուն պես ամեն ինչ կիմանաք»:
«Այնուհետեւ վերծանման մեջ ներկայացված է օդաչուի խցիկում անձնակազմի զրույցը. օդաչուները, մեղմ ասած, մտահոգված էին եւ հիասթափված՝ ենթադրություններ անելով արտակարգ պատահարի պատճառների մասին՝ վտանգավոր ուղեբեռից մինչեւ զինվորականների միջեւ ծագած վերճ»,- հայտնում է պորտալը:
Այնուհետեւ դիսպետչերն ասել է. «Բելավիա-840, խոսում է թռիչքների ղեկավարը: «Ժուլյանա» օդանավակայան ձեր վերադարձի մասին տեղեկությունը ստացվել է ռազմական ղեկավարությունից: Առավել մանրամասն զեկույց կներկայացվի վայրէջքից հետո»:
Վայրէջքից հետո ուղեւորներից մեկին՝ բլոգեր եւ լրագրող Արմեն Մարտիրոսյանին օդանավից իջեցրել են: Կարճ ժամանակ անց տղամարդուն ազատ են արձակել: Ուկրաինայի Անվտանգության ծառայությունից պարզաբանել են, որ օդանավը վերադարձրել են, որպեսզի ուժայինները համոզվեին ազգային անվտանգության սպառնալիքի բացակայության մասին: Ըստ որում՝ Ուկրաինայի ԱԾ-ը հերքել է կործանիչներն օդ բարձրացնելու մասին սպառնալիքի մասին տեղեկությունը:
Մինսկ ուղեւորվող օդանավում եղել է 136 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ: Միջադեպի հետ կապված Մինսկը Կիեւին բողոք է հայտնել: Նոտայում նշված էր, որ «բելառուսական կողմը պաշտոնական ներողություն է ակնկալում եւ ուկրաինական կողմի գործողությունների հետեւանքով առաջացած ծախսերի փոխհատուցում է պահանջում»:
Ավիափորձագետ Վլադիմիր Պոպովի խոսքով՝ տեղի ունեցածը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության բոլոր հնարավոր նորմերի խախտում է:



























