Նոյեմբերի 1-ին պաշտոնական այցով Ջակարտայում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Ինդոնեզիայի փոխնախագահ Յուսուֆ Կալլան:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Ինդոնեզիայի փոխնախագահը կարեւորեց երկկողմ հարաբերությունների առավել խորացումը՝ այս առումով արժեւորելով Հայաստանի արտգործնախարարի այցը Ջակարտա։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի եւ Ինդոնեզիայի միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, տարբեր գերատեսչությունների միջեւ փոխգործակցության ծավալման, առեւտրատնտեսական համագործակցության խթանման անհրաժեշտությունը՝ կարեւորելով այդ նպատակով գործարար համաժողովների կազմակերպումը, առեւտրի պալատների միջեւ փոխգործակցության հաստատումը, մարդկանց միջեւ կապերի եւ տուրիզմի խրախուսումը:
Յուսուֆ Կալլան եւ Էդվարդ Նալբանդյանը մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային ու տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ։ Երկուստեք շեշտվեց առկա հիմնախնդիրների բացառապես խաղաղ կարգավորման եւ ուժի կիրառումը բացառող հանգուցալուծումներ գտնելու անհրաժեշտությունը։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ինդոնեզիայի խորհրդարան, ուր հանդիպեց Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Ագուս Հերմանտոյին եւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին։
Հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցության զարգացման հնարավորությունները, կարեւորվեց բարեկամության խմբերի ձեւավորումը, միջազգային խորհրդարանական ձեւաչափերում համագործակցությունը։
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը։
Ինդոնեզիայի օրենսդիր մարմնի անդամների խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, անդրադարձավ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման համար Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ Ինդոնեզիայի խորհրդարանի փոխնախագահը համակարծիք էին հակամարտություններին կրոնական երանգ հաղորդելու անթույլատրելիության եւ հիմնախնդիրները բանակցությունների, բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության հարցում։



























