Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Եվա Վրայիլային:

Վարչապետը կարեւորել է հայ-հունական բարեկամական հարաբերությունների շարունակական  զարգացումը եւ ՀՀ կառավարության անունից՝ երկկողմ կապերի խթանմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամություն հայտնել: Կարեն Կարապետյանի խոսքով՝ պետք է ակտիվ աշխատել հատկապես տնտեսական համագործակցության ոլորտում առկա ներուժի իրացման ուղղությամբ:

Տիկին Վրայիլան նշել է, որ պատմականորեն երկու ժողովուրդներն ունեն ամուր բարիդրացիական կապեր, եւ Հունաստանը պատրաստակամ է՝ շարունակելու համատեղ ծրագրերն ու զարգացնելու համագործակցությունը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ առեւտրատնտեսական գործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է գործարար շփումների ակտիվացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Հունաստանի դեսպանը տեղեկացրել է, որ հաջորդ տարի նախատեսվում է հույն գործարարների պատվիրակության այց Հայաստան՝ մեր երկրի ներդրումային հնարավորություններին ծանոթանալու եւ տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները քննարկելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ զբոսաշրջության, կրթության, մշակույթի ոլորտներում փոխգործակցության ընթացքին եւ զարգացմանը: