Պաշտոնական տվյալներով սեպտեմբերին Հայաստանում մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալը տարեկան հաշվարկով կրճատվել է 3.3 տոկոսով: Ընթացիկ գներով սղաճի պատճառով անկումը 8.5 տոկոսից էլ ավելի է:
Այսպես՝ սպառողների ծախսերը, որից էլ նաեւ վաճառողներինը մեկ տարում նկատելի պակասել են: Արդյունքում նեղացել է նաեւ այդ ոլորտի հարկային բազան, ինչն էլ պետբյուջեի հարկային եկամուտների բացասական տեղաշարժի պատճառներից մեկն է դարձել:
Այդ ֆոնին հետաքրքրություն է ներկայացնում նաեւ մեկ այլ ցուցանիշ այդ նույն առեւտրի ոլորտում: Սկզբում նշենք, որ հունվար-հունիսին մեքենաների ներմուծումը տարեկան հաշվարկով պակասել է գրեթե 1.7 անգամ: Միաժամանակ նվազել է միջին մաքսային գինը՝ մեկ նմուշի համար 5606 դոլարից մինչեւ 4903 դոլար: Արդյունքում՝ երկու գործոնների ազդեցությամբ ներմուծված մեքենաների ընդհանուր մաքսային արժեքը կրճատվել է ավելի քան 1.9 անգամ:
Տրամաբանական կլիներ մեքենաների մանրածախ վաճառքի դինամիկայում նույնպես համարժեք փոփոխություններ սպասելը: Այսինքն՝ դրանց իրացման ծավալի կրճատումը ինչպես համադրելի, այնպես էլ ընթացիկ գներով: Սակայն, պաշտոնական տեղեկություններով, մեքենաների վաճառքի ֆիզիկական ծավալը հունվար-սեպտեմբերին մեծացել է մոտավորապես 20 տոկոսով, իսկ ընթացիկ գներով՝ 10 տոկոսով:
Բանն այն է, որ այդ ցուցանիշում մեքենաների բուն վաճառքից բացի, վիճակագրությունը ներառում է նաեւ ավտոպահեստամասերի իրացումը, գումարած՝ մեքենաների տեխսպասարկման եւ վերանորոգման կազմակերպությունների եկամուտները: Ստացվում է, որ պահեստամասերի վաճառքը մեկ տարում կտրուկ աճել է, ինչպես եւ վերանորոգված մեքենաների թիվը:
Հեռահաղորդակցման կապի ոլորտում նույն պատկերն է, ինչ առեւտրում: Սեպտեմբերին ծառայությունների ֆիզիկական ծավալը տարեկան կտրվածքով պակասել է 12.7 տոկոսով, իսկ ընթացիկ գներով՝ 13.6 տոկոսով: Նմանատիպ անկում է նաեւ ամբողջ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում:
Այդ ծառայությունները ծավալով 8-9 անգամ զիջում են մանրածախ ապրանքաշրջանառությանը: Բայց այդ ոլորտներում իրադրությունը նույնն է, ինչը վկայում է բնակչության ծախսերի հետընթացի մասին: Իսկ ավելի կոնկրետ՝ մեր հանրության այն հատվածի, որի դրամական եկամուտներն ապահովում էի մասամբ Ռուսաստանից եկող տրանսֆերտները:



























