Գյումրիում քուրդ խորթ հոր սպանության համար 8 տարվա ազատազրկման դատապարտված Մաքսիմ Բաքոյանի անչափահաս քույրն ու եղբայրը, ըստ շրջանառվող տեղեկությունների, տեղափոխվել են Թուրքիա:

Երեխաների միակ ազգականը Հայաստանում Մաքսիմ Բաքոյանն էր, որը 2014թ. մարտից կալանքի տակ է: Երեխաները տեղափոխվել էին Վրաստան իրենց հեռավոր ազգականի տանն ապրելու, սակայն հոր բարեկամները դիմել էին վրացական կողմին, որ երեխաները Թուրքիա տեղափոխվեն: Ի դեպ, երեխաները հենց Թուրքիայի քաղաքացիներ են: Գյումրիում տարածված տեղեկությունների համաձայն՝ երեխաներն արդեն տեղափոխվել են Թուրքիա:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Բաքոյանի փաստաբան Մամիկոն Մուրադյանը, որը, սակայն, նշեց՝ երեխաների ճակատագրի մասին ոչինչ չգիտի:

Նշենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Բաքոյանին ապրիլի 25-ին դատապարտել էր 4 տարվա ազատազրկման, մինչդեռ մեղադրող կողմը պահանջել էր 10 տարի: Մեղադրող կողմը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան, որն էլ որոշել էր ավելացնել պատժաչափը՝ նշանակելով 8 տարվա ազատազրկում: Այժմ թե Բաքոյանի փաստաբանը, թե տուժող կողմը վճռաբեկ բողոք է ներկայացրել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ եզդի Մաքսիմ Բաքոյանի մորը՝ Մայա Բաքոյանին, 2013թ. Թուրքիայում սպանել էր ամուսնու՝ ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքինի եղբայրը՝ կնոջ 4 տարեկան որդու աչքի առջեւ հրազենային մահացու վնասվածք հասցնելով հարսին:

2014թ. մարտին Մաքսիմը, որը մինչեւ այդ Գերմանիայում էր ապրում, վերադարձել էր Գյումրի: Մարտի 15-ին նա դանակահարելով սպանել էր խորթ հորը։ Սպանությանն ականատես էր եղել Մաքսիմի մորաքույրը, որը NEWS.am-ին պատմել էր, որ Մաքսիմը դանակը մտցրել է խորթ հոր սիրտը, երբ վերջինն ասել է, որ Թուրքիա է գնալու՝ նրա մոր արյան փողը վերցնելու: Մաքսիմը, ըստ մորաքրոջ, խորթ հոր խոսքերից ենթադրել էր, որ նրա պատվերով է եղբայրը սպանել իր մորը եւ որոշել է վրեժ լուծել:

Մաքսիմ Բաքոյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Բաքոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։