2017 թվականին սպաների եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակի համար 24.3 մլրդ դրամ կհատկացվի: Այս մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում 2017թ. պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նրա խոսքով՝ հատկացումները փոքր-ինչ կավելանան (2016թ.՝ 23.1 մլրդ դրամ), քանի որ թոշակառուների թիվը 1759-ով ավելացել է (հասնելով 30.1 հազարի), սակայն միջին կենսաթոշակի նվազման ֆոնին՝ 67.800-ից 67.300 (142 դոլար): Սա կապված է միջին ստաժի նվազման հետ:
Սպայական կենսաթոշակի հաշվարկումը նույնը կմնա. բազայինը՝ 16 հազար դրամ, մեկ տարվա ստաժի համար՝ լրացուցիչ 1500 դրամ:
Խորհրդային բանակի տուժած զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակի համար 634.9 մլն դրամ կհատկացվի կամ 20.1 մլն-ով պակաս՝ 2016 թվականի համեմատ, ինչը կապված է թոշակառուների թվի կրճատման հետ (2197-ից՝ 2138):




























