Երեւանին անհրաժեշտ են նոր տրանսպորտային տեսակներ: Այս մասին այսօր` նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: Նա նշեց, որ ձմռան գալով` մայրաքաղաքում կրկին ստեղծվել է մղձավանջային վիճակ, որը առավելապես կապված է շահագործվող հին ու անսարք միկրոավտոբուսների հետ:

«Ձմեռն եկավ ու մղձավանջի ականատես եղանք` խցանումների, ծառերի կոտրվելու: Հերթական անգամ համոզվեցինք` այս ոլորտը չի վերահսկվում, քաղաքային տրանսպորտը ստվերային տնտեսության ամենացայտուն տեսակն է` այս վիճակը ձեռնտու է մի քանի հոգու, իսկ մնացած միլիոն հոգին տառապում են դրա ձեռքը: Պետք է կրճատել միկրոավտոբուսները եւ մտցնել մարդավայել տրանսպորտի տեսակներ` մետրո, տրամվայ եւ տրոլեյբուս, սակայն, այդ արդյունքին կհասնենք Քրիստոսի երկրորդ գալստյանը»,-ասաց նա: