Սփյուռքի նախարարության կարեւորագույն խնդիրը, ըստ Կառավարության ծրագրի, կապակցված է ներդրումներ ներգրավելու հետ։ Այս մասին նոյեմբերի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը։
Նրա խոսքով Կառավարության ծրագրում 7 կարեւորագույն ուղղություն ու խնդիր կա, որոնք վերաբերում են այս ոլորտին։ «Առաջին խնդիրը կապակցված է ներդրումների ներգրավման հետ։ Այստեղ մեծ է մեր սփյուռքի դերը։ Այն մեծ ներուժ ունի։ Երկրորդ խնդիրը վերաբերում է սիրիահայերին։ Մենք իրականացնում ենք նրանց ինտեգրմանն ուղղված ծրագիր։ Այդ ծրագիրը բազմաթիվ ուղղություններ ունի»,- նշել է Սրապիոնյանը։ Երրորդ կարեւորագույն ուղղությունը, շարունակեց նա, համահայկական կառույցների հետ համագործակցության խորացումն ու աշխուժացումն է։ «Չորրորդ՝ հայրենիքի ճանաչման նախագծերն են։ Մենք պետք է Հայաստանի հետ կապենք երիտասարդ սփյուռքահայերին, նրանց այցելությունները պատմական հայրենիք հաճախակի դարձնենք։ Հինգերորդ ուղղությունը սփյուռքի հայոց լեզվի ուսուցիչների վերապատրաստումն է։ Վեցերորդը՝ սփյուռքում գործող իրավաբանների, բժիշկերի, ոսկերիչների ու ճարտարապետների մասնագիտացած միությունների հետ աշխատանքի ակտիվացումն է։ Եվ վերջապես յոթերորդ ամենակարեւոր խնդիրը Վրաստանում մեր հայրենակիցների հետ կատարվող աշխատանքներն են»,- ամփոփեց սփյուռքի փոխնախարարը։




























