2014թ. մարտական հերթապահության ժամանակ ծառայակցի կողմից սպանված զինծառայող Վլադիմիր Հայրապետյանի հարազատները ցանկանում են, որ իրենց որդուն սպանողի պատիժն ավելի խստացվի եւ դատապարտվի 20 տարվա անազատության: NEWS.am-ի հետ զրույցում Վլադիմիրի մայրը` Թամարա Դանիելյանը, նշեց, որ չնայած գոհ են Վերաքննիչ դատարանի վճռից, որը ապրիլի 6-ին բավարարել է Վլադիմիրի հարազատների բողոքը` նրան սպանելու մեջ մեղադրվող Սիմոն Մկրտչյանի պատիժը՝ 13 տարվա ազատազրկումը դարձնելով 15 տարվա, սակայն, կարծում են, որ այդ պատիժը քիչ է:
«Դատավճռից գոհ չենք կարող լինել, քանի որ 15 տարի անց նա ազատության մեջ է լինելու, իսկ մենք մեր որդուն այլեւս չենք տեսնելու, իմ որդին էլ չկա: Բայց հետաքրքրվել ենք, իմացել ենք, որ 15 տարուց ավելի չեն էլ տալու, մաքսիմումը 20 տարի է, բայց հաշվի առնելով, որ նրա առաջին դատվածությունն է՝ չեն խստացնի»,-ասաց տիկին Թամարան:
Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 6-ին Վերաքննիչ դատարանը խստացրել է 2014թ. մարտական հերթապահության ժամանակ զինծառայող Վլադիմիր Հայրապետյանին սպանելու մեջ մեղադրվող Սիմոն Մկրտչյանի պատիժը՝ 13 տարվա ազատազրկումը դարձնելով 15 տարվա:
Նշենք, որ 2015թ. դեկտեմբերին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ծառայակցին սպանած Սիմոն Մկրտչյանը դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման: Տուժող կողմը բողոքարկել էր առաջին ատյանի կայացրած որոշումը:
Ըստ մեղադրական եզրակացության` Սիմոն Մկրտչյանը լինելով մարտական հերթապահության մեջ, շարքային պարտականությունները կատարելու ժամանակ, «ինքնահաստատվելու» եւ խուլիգանական դրդումներներից ելնելով եւ գիտակցելով զենքի ձգանը սեղմելու հետեւանքով արձակված կրակոցով շարքային Վլադիմիր Հայրապետյանին սպանելու անխուսափելիությունը, լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը եւ շուրջ 1.5 մետր հեռավորությունից ուղղել Վլադիմիր Հայրապետյանի ճակատին: Նա, դրսեւորելով ցինիզմ, հայտարարել է, թե արդյոք կասկածում է ,որ ինքը կկրակի, որին Վլադիմիր Հայրապետյանը պատասխանել է, որ նրանից ամեն ինչ սպասելի է: Սիմոնը Վլադիմիրի ճակատային շրջանում հրազենային միջանցիկ մարմնական վնասվածք է հասցրել եւ նրան զրկել կյանքից:




























