Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյին:
Վարչապետը ողջունել է տիկին Դըֆրենյի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր եւ վստահություն հայտնել, որ այն կնպաստի հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ակտիվացնելու Բելգիայի հետ քաղաքական երկխոսությունը, առավել բազմաբնույթ դարձնելու առեւտրատնտեսական հարաբերությունները եւ խորացնելու համագործակցությունը կրթության եւ մշակույթի ոլորտներում: Վարչապետն ընդգծել է, որ առաջիկայում կառավարությունը տարբեր խողովակներով, այդ թվում՝ դեսպանությունների միջոցով միջազգային գործընկերներին կներկայացնի ներդրումային ծրագրերի փաթեթ եւ ավելացրել, որ բիզնես կապերի ընդլայնման գործում կարեւորում է նաեւ «Արմենիա-Վալոնիա Էքսպորտ» գործակալության եւ հայ-բելգիական առեւտրային պալատի գործունեությունը: Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել Բելգիայի կողմից ինչպես ֆինանսական, այնպես էլ մասնագիտական եւ տեխնիկական օժանդակությունը Հայաստանում ժամանակակից Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման գործում, որը կսպա¬սար¬կի ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի բնակչությանը։
Բելգիայի Սենատի նախագահը նշել է, որ չնայած Հայաստանի եւ իր երկրի միջեւ առկա գերազանց հարաբերություններին՝ անհրաժեշտ է հետեւողականորեն ընդլայնել երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության եւ մշակույթի: Քրիստին Դըֆրենյն իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստան-Եվրոպական միություն կապերի ընդլայնման գործում եւ ընդգծել, որ Եվրոպայի դռները լայնորեն բաց են ՀՀ-ի հետ համագործակցության հետագա զարգացման եւ ամրապնդման համար:
Զրուցակիցները կարեւորել են «Brussels Airlines» ավիաընկերության մուտքը հայաստանյան շուկա եւ վստահություն հայտնել, որ այն կնպաստի մեր երկրների միջեւ հարաբերությունների ակտիվացմանն ու զբոսաշրջության զարգացմանը:
Կարեն Կարապետյանը եւ Քրիստին Դըֆրենյն անդրադարձ են կատարել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:
Վարչապետը կարեւորել է ԼՂ հարցի վերաբերյալ Բելգիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ համահունչ ԵՄ ընդհանուր մոտեցումներին, ինչպես նաեւ ողջունել Բելգիայի խորհրդարանականների այցերը Արցախ: Կարեն Կարապետյանը բարձր է գնա¬հատել այն փաստը, որ դեռեւս 1998թ. Բելգիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճա¬նաչման բանաձեւը եւ ավելացրել, որ 2015-ին Ներկայա¬ցուցիչների պալատի կողմից ընդունված բանաձեւով ամբողջացել է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։
Տիկին Դըֆրենյն ընդգծել է, որ Բելգիան պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ կարեւորել տարածաշրջանում երկարատեւ խաղաղության ու անվտանգության ապահովումը:




























