2011 թ. պետական բյուջեում գումարներ չեն նախատեսվել անտառտնտեսությունների պահպանման համար: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 22-ին խորհրդարանում հայտարարեց մարտունեցի պատգամավոր Վահագն Մախսուդյանը: Նրա խոսքով` տարիներ շարունակ հարյուրավոր միլիոն դրամներ են նախատեսվել այդ նպատակով, իսկ 2011 թ. անտառները թողնվել են Աստծո հույսին:

Դրան ի պատասխան ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ համապատասխան ծրագիր չի եղել, իսկ առանց ծրագրի ֆինանսավորում չեն կարող նախատեսել: Իսկ ծրագիրը, պարզվում է, դեռեւս քննարկման փուլում է: Պատգամավորները շարունակեցին այս հարցով դիմել փոխնախարարին, որը կարճ կտրեց. «ինձ այլեւս այդ հարցը մի տվեք, առաջարկություն ներկայացրեք»:

Անտառներով անհանգիստ պատգամավորներին փոքր-ինչ սփոփեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ասելով, որ անտառների տնկման համար 15 մլն դրամ է նախատեսվել: Սակայն ֆինանսավորումը կիրականացվի գնման միջոցով, այլ ոչ թե գերատեսչությունների միջոցով, ինչպես նախորդ տարիներին: