Շիրակի մարզի Հառիճ գյուղում հոկտեմբերի 24-ին համագյուղացուն դանակահարած 60-ամյա Մանուկ Մանուկյանը 1 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հառիճի գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանը: Նա նշեց, որ դանակահարված Վարշամ Հարությունյանն ու Մանուկ Մանուկյանը հաշտվել են:

Գյումրիի բժշկական կենտրոնից էլ մեզ տեղեկացրին, որ հիվանդանոցում գտնվող  Վարշամ Հարությունյանի առողջական վիճակն արդեն լավ է, նա վաղը դուրս կգրվի:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ 60-ամյա տղամարդուն դանակահերլու կասկածանքով ձերբակալվել է նրա համագյուղացին: NEWS.am-ին Հառիճի գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանը պատմել էր, որ դանակահարությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ի առավոտյան՝ գյուղի փողոցներից մեկում, երբ տուժողը մի քանի համագյուղացիների հետ փողոցում կանգնած խոսելիս է եղել: Գյուղապետի խոսքով՝ Մանուկ Մանուկյանը տուժող Վարշամ Հարությունյանին մի կողմ է կանչել եւ միանգամից դանակով հարվածել, որից հետո տղամարդուն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Ռոլանդ Նազարեթյանը նշել էր, որ դեպքի նախորդ օրը նրանք մասնակցել են հուղարկավորության, որի ժամանակ լեզվակռիվ են ունեցել, որից հետո էլ Մանուկը դանակով, մտադրված եկել եւ դանակահարել է համագյուղացուն:

Նշենք, որ եւ համագյուղացուն դանակահարելու մեջ կասկածվողը, եւ տուժողն ապրում են սոցիալապես ծանր պայմաններում, նրանք երկուսն էլ մշտական աշխատանք չունեն, զբաղվում են անասնապահությամբ:

Ավելի վաղ  NEWS.am-ին Գյումրիի բժշկական կենտրոնից հայտնել էին, որ դանակահարված տղամարդը Արթիկ բժշկական կենտրոնից Գյումրիի հիվանդանոց  է տեղափոխվել 11:4 0սահմանում՝ որովայնի ծակած-կտրած վերքերով, լյարդի վնասվածքով: Տղամարդուն վիրահատել են: