Ամեն տարի մեր երկրում հնչում են մի շարք ոլորտների կամ առանձին խոշոր ձեռնարկությունների (Նաիրիտ) վերականգնման մասին առաջարկներ: Բայց նման նախագծերը, որպես կանոն, հաճախ մնում են թղթի վրա: Միաժամանակ կա նաեւ բավականին հաջող բիզնեսի օրինակը: Խոսքը ծխախոտի արտադրության մասին է, որտեղ «Գրանդ Հոլդինգը» միավորում է 3 գործող ընկերությունները:
Հոլդինգի գործունեությունը կարելի է համարել արտաքին շուկայում հայրենական արտադրության ամենահաջող նվաճումներից մեկը: Մաքսային ծառայության տվյալներով՝ հունվար-հունիսին արտահանվել է գրեթե 8,4 մլրդ հատ ծխախոտ (ավելի քան 419 մլն տուփ՝ յուրաքանչյուրում 20 հատ): Ավելորդ չէ նշել, որ դեռեւս անցյալ տարվանից ծխախոտը արտահանվող խոշոր ապրանքների շարքում զբաղեցնում է 2-րդ պատվավոր հորիզոնականը:
Հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է ավելի քան 803.3 մլն տուփ ծխախոտ, ինչը 173.3 մլն տուփով կամ 27.5 տոկոսով ավելի շատ է, քան անցյալ տարի: Արտահանումն աճել է 145.1 մլն տուփով: Ստացվում է, որ հայրենական արտադրանքի աճի 84 տոկոսը բաժին է ընկնում արտահանմանը:
Նույն ժամանակաշրջանում ծխախոտի ներմուծումը նույնպես աճել է, սակայն ավելի քիչ՝ 7.8 մլն տուփով: Արդյունքում ներքին շուկայի համար ծխախոտի ռեսուրսով ներմուծման տեսակարար կշիռը (արտահանումն հանած) մեկ տարում նվազել է 5.4 տոկոսային կետով՝ կազմելով 49.1 տոկոս:
Շատերի մոտ հարց է ծագում, թե ինչու նման հզոր արտահանման դեպքում մենք ամեն դեպքում ծխախոտ ենք ներմուծում այլ երկրներից: Չէ՞ որ մեր արտադրական հզորությունը թույլ է տալիս ամբողջովին ապահովել ներքին շուկայի կարիքները: Այստեղ իրենց դերն են խաղում մի քանի գործոն: Ներմուծման հաշվին ծխախոտի տեսականին շուկայում մեծանում է: Որոշակի դեր է խաղում նաեւ որակը: Բայց, որակից բացի, կա նաեւ սուբյեկտիվ գործոնը: Դեռեւս խորհրդային ժամանակներից համաշխարհային բրենդերի ծխախոտ ծխելը պատվաբեր էր համարվում ծխողների մոտ:
Ինչ վերաբերում է թեթեւ արդյունաբերությանը, ապա այդ ոլորտում հիմա հաջող ձեռնարկություններ կան: Սակայն արտադրության երբեմնի մասշտաբների մասին կարելի է միայն երազել: Հիմնական պատճառը մեծ ռուսական շուկայի կորուստն է, որին խորհրդային տարիներին բաժին էր ընկնում հայրենական արտադրանքի 80 տոկոսը: Հիմա այդ բացը լրացրել են այլ երկրների ապրանքները, այդ թվում՝ չինական: Պարզ է, որ էժան չինական ապրանքի հետ մրցակցելը բավական բարդ խնդիր է:
Սմբատ Գրիգորյան




























