Հայաստանում այս պահին կան դեֆոլտը զսպող բոլոր մեխանիզմները։ Այս մասին նոյեմբերի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է տնտեսագետ Կարլեն Խաչատրյանը։
Անդրադառնալով երկրին սպառնացող դեֆոլտի մասին ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի նախազգուշացումներին՝ տնտեսագետը նշեց․ «Իրողությունները, որոնք հիմա գործում են ֆինանսական ոլորտում, թույլ չեն տալիս մեզ դեֆոլտ կանխատեսել։ Այսինքն ինչպես ԿԲ կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականությունը, այդպես էլ հարկաբյուջետային քաղաքականությունը պարունակում են զսպման բոլոր մեխանիզմները դեֆոլտը կանխելու համար»։
Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր․ «Քանի դեռ ռեժիմը զբաղված է կառավարման համակարգերի ու ընտրական մեխանիզմների բարեփոխման թատերական ներկայացումներով, որոնք միանշանակ ոչ այնքան պետության ապաքինմանն են ուղղված, որքան սեփական իշխանության հավերժացմանը, մոտ ժամանակներս մեր երկրին իսկական տնտեսական աղետ է սպասվում՝ դեֆոլտ»։




























