Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մոտ նախորդ տարվա սեպտեմբերին կնոջը դանակի 30 հարվածով սպանելու գործով նոր ապացուց կա, որը Վերաքննիչ քրեական դատարանում կայանալիք առաջիկա բողոքի քննությանը տուժող կողմը կներկայացնի դատարանին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց սպանված Հեղինե Դարբազյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Կնոջը դանակի 30 հարվածով սպանելու մեղադրանքով 11 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Արտակ Առաքելյանի համար տուժող կողմն ավելի խիստ պատիժ է պահանջում, փաստաբանի խոսքով՝ սպանության մեջ առանձնակի դաժանության հատկանիշներ կան եւ նա պետք է դատապարտվեր կնոջն առանձնակի դաժանությամբ սպանելու համար:
Վերաքննիչ բողոքի քննությունը տեղի կունենա նոյեմբերի 15-ին:
Հիշեցնենք, որ Արտակ Առաքելյանը օգոստոսի 23-ին դատապարտվեց 11 տարի եւ 6 ամիս ազատազրկման: Դատարանը նաեւ նրանից բռնագանձել էր 1.600.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում նրա սպանված կնոջ՝ Հեղինե Դարբազյանի թաղման արարողության համար:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 15.00-ին սահմանում «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն էր տեղի ունեցել: 38-ամյա Հեղինե Դարբազյանը մահացել էր ստացած` դանակի 30-ից ավելի հարվածներից: Սպանությունը գործելու մեղադրանքով կալանավորվել է կնոջ նախկին ամուսինը` 40-ամյա Արտակ Առաքելյանը, որը խոստովանել է, որ կնոջը սպանել է խանդի հողի վրա:
Արտակ Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել): Նրան մինչեւ 20 տարի ազատազրկում էր սպառնում:



























