2015թ. հունվարի 5-ին մարտական հերթապահության ժամանակ պայմանագրային զինծառայող Կարեն Միրզոյանին մահացու հրազենային վիրավորում հասցնելու մեջ մեղադրվող Նորիկ Գրիգորյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման: Նման վճիռ է կայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:
Գործով մյուս ամբաստանյալ Հովհաննես Սիրունյանն էլ դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 2 տարի ժամկետով:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Նորիկ Գրիգորյանը 2015թ. հունվարի 5-ին շարքային Հովհաննես Սիրունյանի հետ միասին շուրջ 15 րոպե թողել է հենակետը, որից հետո վերադառնալով, շարունակել է դրսեւորել անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք մարտական հերթապահության նկատմամբ: Նույն օրը ժամը 21.55-ի սահմաններում, լսելով գետնատնակի մոտակայքում շների հաչոց եւ կարծելով, թե հակառակորդի զինծառայող կարող է լինել, վերցրել է ինքնաձիգը, լիցքավորել այն եւ երբ պայմանագրային զինծառայող Կարեն Միրզոյանը բացել է գետնատնակի դուռը, Ն.Գրիգորյանը կրակել է Կ.Միրզոյանի ուղղությամբ: Վերջինս որովայնի շրջանում ստացած հրազենային գնդակային վիրավորումից մահացել է:
Նորիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Հովհաննես Սիրունյանին՝ ՔՕ 365-րդ հոդվածի 2-րդ մասով: Նորիկը կալանավորված է, իսկ Հովհաննեսի համար խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:




























