Ամուլսարի ոսկու հանքի հարցում պետք չէ տեղի տալ էմոցիաներին: Այս մասին նոյեմբերի 2-ին լրագրողներին ասել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով հանքավայրում ոսկու արդյունահանության դեմ բողոքի ակցիաները:

Նա նշել է, որ հանքավայրի շահագործման ծրագիրը բազմիցս ստուգվել է, բայց խախտումներ չեն հայտնաբերվել: Հանքավայրը կառավարող ընկերության («Lydian Armenia») ներկայացուցիչները բազմիցս պատրաստակամություն են հայտնել քննարկել հանրային սեկտորից ստացվող ցանկացած ահազանգ: «Այդ ծրագրում ներառված է մոտ 400 մլն դոլար, եւ այն զգույշ մոտեցում է պահանջում ինչպես ներդրողների, այնպես էլ ապագա սերնդների շահերից ելնելով: Բնապահպան ակտիվիստների մի մասը փորձում է սպեկուլյացիայի դիմել ամեն աղմկոտ հարցի շուրջ՝ դիպչելով մարդկանց ամենազգայուն լարերին: Ես առհասարակ շոուի կողմնակից չեմ: Հարցերը պետք է քննարկել ըստ էության: Նման քննարկումներ եղել են եւ անհրաժեշտության դեպքում կարող են նորից լինել: Առավել եւս որ մենք գրագետ բնապահպաններ ունենք»,- ասել է նախարարը: