Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կառավարությունները չեն կատարում Երեխաների իրավունքների կոնվենցիայի շրջանակում ստանձնած պարտավորությունները: ՄԱԿ-ում մտահոգված են, որ Կալե քաղաքում փախստականների ճամբարի ապամոնտաժման հետեւանքով այնտեղ առանց մեծահասակների ապրող երեխաները հայտնվել են բարդ դրության մեջ:
ՄԱԿ՝ երեխաների իրավունքների հանձնաժողովը Ֆրանսիային եւ Մեծ Բրիտանիային կոչ է արել արագ լուծել ներգաղթյալ երեխաների խնդիրը, որոնք մնացել են առանց մեծահասակների հսկողության: Նրանք ճամբարի ապամոնտաժումից հետո ստիպված են եղել գիշերել բեռնատար կոնտեյներների մեջ կամ գիշերել բաց երկնքի տակ: «Անցյալ շաբաթվա դեպքերը հստակ ցույց են տալիս, որ քաղաքական եւ այլ նկատառումներն ավելի կարեւոր դուրս եկան, քան խոստումները, որոնք տվել էին 2 կառավարությունները, այն է՝ առաջնային ուշադրություն դարձնել անօթեւան երեխաներին, որոնք մնացել են ճամբարում: Գործողության ժամանակ ամբողջովին անտեսվել են երեխաների շահերը»,- ասված է փաստաթղթում:




























